Johann Sebastian Bach
...Մի միալար լռություն...
Հատակին կաթաց թախծաթուրմ։
Կաթկթոցները սիրտ են սղոցում,
Թե՞ այն նեղլիկ փողոցներում,
Ուրախ ու զվարթ հոգիս է շրջում:
Մի մեղմ զեփյուռ էր, ոտքերդ շոյեց,
Թե՞ ժամանակը հոգիս համբուրեց...
Մի միալար լռություն...
Լռության մեջ Բախ է հնչում:
Հիմա կանգնած ծովածոցում,
Անլաստ նավիս ալիքն եմ որսում...
Մեկ շտապում եմ մահու նման,
Մեկ էլ խաղաղվում հեշտանքի պես:
Չգիտեմ էլ՝ ուր եմ շտապում.
Այնքան դատարկ է ափերում,
Եվ գուցե ոչ-ոք չի էլ սպասում,
Գուցե մնամ ծովի եզերքում.
Այստեղ ձուկ է վխտում
Առավոտ, ճաշ, իրիկուն.
Ափերում սրիկաներ են չտես,
Որ հոգիները տվել են չարքին համտես,
Եվ լափում են` անտես,
Բարուր մոր կաթի պես:
Ես էլ` կորած ծովախորշում,
Միայն ու միայն խղճիս եմ լսում։
Մի միալար լռություն...
Լռության մեջ՝ Բախ է հնչում:
Բախի շունչը գետնից է փչում,
Գետնից փչում է երկինք
Մի թախծաթուրմ խաղաղություն,
Մեկ էլ քշում, տանում է երկինք:
Բախի բույրը դառն է, կծու,
Բայց մի քաղցր հանճար էր նա Աստծու,
Որ և՛ որոտած,
Եվ մեղմ սփոփեց,
Պարզ ու մեղավոր կյանքն անփոփեց:
Ես էլ իմ մութ գետնախորշում,
Մթության մեջ Բախ եմ լսում...
Մի միալար լռություն,
Լռության մեջ Բախն է հնչում...