Կառլոս Անդերսոն

...Ես դպրոցում երբեք գրատախտակի մոտ չէի գնում, երբ հարցեր էին տալիս, ստիպված ասում էի` իբր չգիտեմ, որ չգնայի գրատախտակի մոտ։ ՈՒ այդպես մի քանի դպրոցից հերթով ինձ վռնդեցին։
Իմ առաջին դպրոցը հատուկ դպրոց էր` գիշերօթիկ, բայց առաջին երկու տարվա հալալ կեսը չէի էլ գնացել. գաղտնի թոքաբորբ ունեի և էլի մի քանի հիվանդություն, որ չէին բուժվում ու հիվանդանոցների պատճառով դասերի չէի հաճախում, իսկ երբ էլ հաճախում էի, ամբողջ դպրոցը խառնվում էր իրար իմ մանկական կռվարարության պատճառով։ Գուցե վիճում էի միշտ ուշադրության կենտրոնում լինելու անհագ ծարավից կամ գուցե նրանից, որ ես այլ տրամադրվածություն ու նպատակներ ունեի...
Բայց ես շատ հետաքրքրասեր էի գիտելիքների հանդեպ, ամեն ինչ ուսումնասիրում էի, բայց գաղտնի, որովհետև ամաչում էի, չէի ցանկանում որևէ մեկը նկատեր:
Ես մի ոսկեգույն, ոսկյա փայլերով կոստյում էի տեսել ու երազում էի, որ դա իմը լիներ։ Այդ կոստյումից մեր հարևանն էլ ուներ և որպես հուշ պահպանել էր իր հանգուցյալ որդուց։ Ես այդ կոստյումը մի անգամ հագել էի ու դրա մեջ ինձ աշխարհի տիրակալ էի զգում ու թվում էր, թե ոտքերս կտրվում են գետնից և ես օդերով եմ քայլում... Մի խոսքով երազում էի այդ կոստյումից, բայց այն չափազանց թանկ արժեր...
Ես խոսելիս միշտ ժեստերով էի խոսում և դրանով հայտնվում բոլորի ուշադրության կենտրոնում, բայց չէի ուզում ինձ տեսնեին ոչ լիարժեք` իմ երազների կերպարանքից դուրս, ու դրա համար դպրոցում գրատախտակի մոտ չէի գնում: Երբ ուսուցիչները հարցեր էին տալիս ասում էի՝ իբր չգիտեմ, որ չգնայի...
Երրորդ դասարանում շարադրության մրցույթ էր՝ <<Իմ գարունը>> խորագրով։ Ես գրեցի ու մինչև հիմա հիշում են դպրոցում։ Քննությունները գերազանց հանձնեցի ու գովասանագիր ստացա, հետո տարական դասարանում հաղթեցի դպրոցի ընդանուր մաթեմաթիկայի մրցույթը։ Ես երրորդ դասարանում արդեն մինչև ութերորդ դասարանի դասագրքերը կարդացել էի ու սովորել, դրա համար պապս գնեց իմ երազած ոսկե փայլերով կոստյումը։ Հետո հասկացան դպրոցում, թե իրականում ինչու  գրատախտակի մոտ երբևիցե չեմ գնացել նախկինում ու ստել եմ իբր դասերը չեմ սովորում... Իմանալուն պես ինձ պատվոգիր տվեցին ու ոսկե մեդալ։ Երբ մի օր դասաժամին բանավիճելուց հետո ինձ հարցրեցին, թե ինչ եմ պատրաստվում դառնալ, ես էլ պատասխանեցի, որ... դարձա բոլորի աչքի փուշը, որտեղից սկսվեցին աննախադեպ միջադեպեր ու ինձ վռնդեցին դպրոցից և մի վիճաբանության պատճառով հաշվառեցին ոստիկանության անչափահասների վերահսկման կենտրոնում։
Նոր դպրոց գնացի ու այնտեղ չգիտեին իմ անցած տարրական դասարանների գիտելիքների ու պատահած հաղթանակների մասին։ Էլի ամբողջ տարին ընդամենը մի քանի դասաժամի եղա ու, կրկին, առանց գրատախտակի մոտ գնալու... Հերթական անգամ վռնդեցին դպրոցից։ Հետո մի ուրիշ դպրոց տարան, որտեղ միայն օրվա երկրորդ կեսին էր դասաժամերը սկսվում, իսկ ես այդ ժամերին չէի կարող ինձ թույլ տալ դպրոց այցելել, պարզապես նստել ու ոչինչ չանել. ինձ աշխատանք էր պետք... այդ դպրոցում էլ իմացան հաշվառված լինելուս փաստը, իմացան նպատակս ու կրկին վռնդեցին։
Արդեն իմ տարիքի երեխաները ութերորդ դասարան էին, երբ ինձ տարան մի ուրիշ դպրոց, իսկ ես արդեն պայմանական ազատության մեջ էի ու տեղյակ էլ չէի, որ ուսուցիչներիցս մեկը իմ վերահսկիչ ոստիկանի մայրն էր...Նա շատ գոռոզ էր ու շատ կոպիտ, զզվելի բնավորություն ուներ։ Մի օր նրա երեսին շպրտեցի իր ով լինելը ու, առհասարակ, սկզբից նշելով, թե ինչ է կյանքը, և թե ինքը ինչ է իրենից ներկայացնում կյանքում իր այդ զզվելի գոռոզությամբ: Ուսուցչանոցում պատմեց իմ դատապարտված և հաշվառված լինելու փաստը։ Ինձ բոլոր ուսուցիչները, չնայած իմ չարաճճիություններին, շատ էին սիրում ու չէին կարողանում հավատալ դրան, բայց հետո ծնողները բողոքեցին ու ինձ վռնդեցին այդ դպրոցից էլ...
Մի տարի թափառելուց հետո, ոստիկանության անչափահասների հատուկ ուղղման կենտրոնից, մի պարտադրված մոնիտորինգի ժամանակ, ես պարտավոր էի որևէ մասնագիտություն ընտրել, որպեսզի ցույց տայի, որ վտանգավորության աստիճան չունեմ և կարող եմ հանրօգուտ աշխատանք կատարել, այլապես կտեղափոխեին անչափահասների ուղղիչ աշխատանքային գաղութ: Տարբեր ուսուցիչներ ու տարբեր մասնագիտությունների վարպետներ էին հավաքված, իսկ ես շրջում էի այդ սենյակում ու մտածում, որ վերջին օրն է իմ ազատության, երբ մի հոգեբան մոտեցավ ինձ ու ասաց. << Գնա', Կառլոս, ընտրիր ապագադ, դու երևի կցանկանաս (դզող-փչող) սովորել։ Դա քեզ լավ ապագա կբերի, լավ եկամուտ կունենաս ու էլ գողության կարիք էլ չես ունենա կամ կիթառդ կշարունակես կամ գուցե ,մազերդ երկար են, վարսավիր դառնա՞ս...>>։ Ես մտածում էի շրջվել ու փախնել այդ հաստատությունից, բայց հետո ականջս ընկավ, որ ներկայացնում են մի բանաստեղծուհու ( իսկ պոեզիան իմ գաղտնի թուլությունն էր, որի մասին ոչ ոք չգիտեր): Հոգեբանը նկատեց, որ աննդադ այդ կնոջն եմ նայում, զգաց, որ դա էր ինձ պետք և այնպես կազմակերպեց, որ հենց բանաստեղծուհին մոտեցավ ու սկսեց ծանոթանալ ինձ հետ։ Ես չեմ էլ հիշում, թե ինչպես սկսեցի երկար զրույցի բռնկվել նրա հետ ու հաստատությունից դուրս գալով` մինչ երեկո քայլում էինք, խոսում, երազում և չնկատեցինք էլ անգամ, թե երբ իջավ երեկոն։ Նա ինձ հրավիրում էր իրենց տուն, բայց ես պատրվակներ հորինելով` մերժեցի, նույն <<գրատախտակի մոտ չգնալու պատճառ>> ասվածի պատճառով... Պայմանավորվեցինք ամեն շաբաթ հանդիպել և պետք է նրան փոխանցեի իմ մանկության բոլոր տետրերը։ Հաջորդ շաբաթ, կրկին հաստատությունում հանդիպեցինք, բայց դուրս եկանք այգի զբոսնելու։ Ես երկու հաստ տետր էի դրել ծոցս, բայց ամաչում էի ցուցադրել և ստեցի՝ իբր մոռացել եմ։ Մի քիչ քայլեցինք ու ինքը սկսեց ասմունքել... Ես նրա նույն ասմունքի պես մի բան ունեի գրած, ծոցս դրած ու փշաքաղվել էի, մտածում էի, թե նա էքստրասենս է, երևի... Ստիպված հանեցի տետրս ու դա ցույց տվեցի բանաստեղծուհուն, իսկ նա կարդալուց հետո համբյուրեց ձեռքս, աչքերը լցրեց ու ասաց, որ կերազեր իր որդին լինեի...
Մենք ավելի մտերմացանք, սկսեցինք հաճախակի հանդիպել և արդեն նա նույնիսկ մեր տուն էր այցելում։ Ես նրան խնդրել էի, որ ո'չ <<հաստատությունում>>, ո'չ էլ մեկ այլ ոք չիմանային իմ գրելու մասին։ Առաջին անգամ, երբ նա մեր տուն եկավ ոչ ոք չգիտեր էլ, թե նա իմ հետ ինչ կապ ունի։ Մայրս երբ տեսավ, թե նա ինձ ինչպես է նայում և հետո էլ ասաց, որ կերազեր ինձ պես որդի ունենար, մայրս սառել էր ու զայրութը հազիվ էր զզպում, որ նրան տնից դուրս չշպրտեր։ Այդպես մոտ մի տարի մենք հանդիպում էինք, երազում իմ ապագա պոետ լինելու մասին և հետաքրքիր կապ ստեղծում...
Մի օր նա կրկին ասաց, որ կերազեր ինձ պես որդի ունենար (նա փոքր ինչ հարուստ էր), և ինձ առաջարկեց ուրանամ մորս ու որդեգրվեմ: Ասացի, որ էլ չենք հանդիպի, որ նման թյուրիմացություն չկրկնվի, հաջողություն մաղթեցի ու հեռացա:
Երկու ամիս անց, երբ թոքս վիրահատել էին ու հիվանդանոցում էի, մահից հազիվ մազապուրծ եղած, նա այցել էր, վերջում մոտեցել մայրիկին և զրուցել, ինչից հետո ես երբեք նրան չտեսա։ Մայրս, ներս մտնելով` գրկել էր ու արտասվում էր, ետևից վիրավորելով նրան... Ես սփոփեցի մայրիկիս ու ասացի, որ էլ երբեք չեմ առնչվի բանաստեղծուհու հետ:
Մի քանի ամիս անց, նոր հանցագործություն կատարեցի ու ինձ վերջնականապես տեղափոխեցին անչափահասների ուղղիչ աշխատանքային գաղութ։
Նա բարև էր ուղարկել և իր հասցեն, որ նամակ ուղարկեմ (ես նրան երբևիցե անմիջական հենց իր իրական անունով չէի դիմում և մոռացել եմ նրա անունը): Հաղորդակցվեցի, բայց հետո կապը կրկին կորավ. ինձ ասել են` իբր մահացել է նա... Չգիտեմ... անունը իրական չգիտեմ ու եթե հարցնեի մայրիկիս, նա հիշելով շատ կտառապեր, առանց այն էլ արդեն քանի տարի է տառապում է...

Հեղինակ՝ Կառլոս Անդերսոն