Իսկ դու խոսիր
խոսի՛ր, երբ քո սենյակում հոսում է մի դատարկ ու սև լռություն, և պատերին նույն հին ու դատարկ փոսիկներն են՝ որոնց ամեն անկյունից, դու ծաղիկներ և դաշտեր ես երևակայել, շաղ տալով էջերիդ մեջ: Հետո, միջանցքից՝ մենության միջանցիկ քամիների սուլոցից, դու սիրո երկեր ես հյուսել, քսել ցամաք հացին ու դրել լուսամուտին՝ չորացած, սպասելով տարիներդ անքուն, թե աղավնիների կեր կդառնան, բայց դրսում էլ միայն ժամանակի փոշոտ ստվերներն են չղջիկների պես պատուհանիդ բույն հյուսել, ու ամեն գիշեր, դու լռության մթագնումից պարում ես ինքնամոռաց... Քո ծխագույն առաստաղից, քամել ես ամենահեռու աստղերի հեռուն ու ամենամոտիկ փշածաղկի երակների մեջ մանուշակների հոտ ես քաշել, սուրճի անպոչ բաժակի մեջ խորասուզված՝ դու բեռմունդյան եռանկյունու մանկության չարտասանված երազանքն ես քամել ու շաղ տվել համացանց, որտեղ կուշտ ու հաստափոր մարդիկ մի կուշտ ծիծաղել են ու փսխել հոգուդ մեջ…
իսկ դու խոսի՛ր, խոսիր, ու քո երազած երազների մասին երգեր հյուսիր...