ԱՐԵՎԱՀԱՄ ԻՄ ԱՌԱՎՈՏ
Ո՞րն է սիրուն ավելի՝
Շողերը դեղին արևի,
Թե՞ փայլերը քնքուշ
Ալեկոծվող քո վարսերի։
Գիտե՞ս, առանց քեզ մութ կլիներ.
Չէի տեսնի արևի շողերը,
Որ քաղցրանում են օդում,
Քնքուշ ճառագելով այտերիդ վրա։
Չէի շնչի ես արևի բույրը,
Որ շիկանում է քնքուշ կոպերիդ մեջ,
Եվ սահելով ուղիղ իմ հոգում,
Ճառագում է լույսը անկյուններում բոլոր։
Սիրում եմ լույսի բույրով արևի,
Որ կրում եմ իմ մեջ՝
Շնչելով անհագ ծարավի պես,
Ապրում եմ բույրով կարոտի,
Շնչելով ակնթարթները
Ծանր մետաղի ծաղկած բույրով,
Սպասելով մինչ արևահամ մի մայրամուտ։
Արևահամ ի՛մ առավոտ,
Կգամ, ու նորից իմ դիմաց կկանգնես
Նույն այն ամոթխած աղջնակի պես:
Իսկ ես այլևս չեմ լռի այնպես՝
Կշշնջամ ականջիդ,
Կասեմ ամեն ինչ.
Քո տունն իմ սրտի մեջ է,
Իմ տունը՝ պարուրված քո հոգու մեջ։
Արևահա՛մ իմ աղջիկ,
Դու մայրամուտն ես իմ,
լուսաբացը փոթորկված անձրևներից հետո։
Կգամ ու կպատմեմ քեզ կարոտներն իմ հոգու,
Կգամ ու կմոռանանք
մայրամուտները անցած։
Իմ արևահամ, լո՛ւյս առավոտ,
Որքան պահեր քեզ չեմ պատմել,
Որքան…որքա՜ն եմ ես սպասել,
Որ գա մի օր ու դու մեծանաս,
Դեռ մանկուց, տեսիլաժամի հպվող փաթիլներից,
Որքան կարոտ ու սեր են հյուսվել
Եվ սերտաճել հոգուս պատուհանից։
Իմ արևահա՛մ, իմ մայրամո՛ւտ,
Գիտեմ՝ դու կսպասես,
Ու կանցնեն օրերը
Հապճեպ ու դանդաղ անձրևի պես…
Կմնաս միայն դու և ուրիշ ոչինչ…
Ո՞րն է ավելի գեղեցիկ՝
Արևի շողե՞րը, թե
Քո փայլող վարսերը…
Ո՞րն է ավելի ցանկալի՝
Երազե՞լը, թե քեզ հպվելը…
Իմ արևահա՛մ, իմ առավո'տ աղջիկ…

Комментарии
Отправить комментарий