ՔԱՐԵՐԻ ՁԱՅՆԸ

Գետը աղմկում է տանելով ինձ իր հետ հոգու խորքերը, ու լսում եմ քարերի ձայները, որ հպվում են տեղ-տեղ հոգուս ափերին։ Մեղմորե՜ն լվանում եմ հուշերս։ Հիշում եմ, խորհում, հունի հետ մեղմորեն փորփրում եմ անցյալը: Երբ բարձրանում է քարերի ձայնը, ես հայացքս կտրում եմ, մտածելով` պետք չէ հիշել անցյալը։ Հետո նայում եմ արևին՝ լցվելով ապագան կառուցելու կամքով։ Քարերի ձայները դեռ լսվում են, բայց ես մոռանում եմ աշխարհի ձայները ու հեռանում... բարձրանու՜մ, սավառնու՜մ  երկինք… Թվում է, թե ամպերը հոսում են ու տանում ինձ իրենց հետ…։  Կանգ առանք, ինչու՞ հարցնում եմ ինքս ինձ։ Հարատև թվացող հոսելուց հետո, ես  նկատում եմ, որ հիմա ամառային արև է…  Կոպերս փակում, նայում եմ արևին ու սկսում ապրել ամառային արևի ձայները... այստեղ` երկրի վրա, քարափին։ Մտքերս հոսում են արագընթաց ու չեն թողնում հիշելու հետ հայացքը: Մեկ-մեկ, ծխախոտը վառելիս, երբ բացում եմ աչքերս, թվում է, թե մտքերս՝ մարմին առած, կողքիս, խոտերի մեջ էին, և անհետացան թփերի ու ծառների հետևում։ Ծխում եմ, ծխում, ու մտածում, որ հիմա տեղիցս վեր կելնեմ ու կգնամ ապրելու ամառն ու արևը… Հետո էլի նայում եմ գետին, լսում եմ քարերի ձայնը ու սեղմվում, փարվում  անցյալի ուժգին պատառիկներին..
    Քարերի ձայնը, ինձ  շատ բան է պատմում։ Թվում է, թե գետը, հազար հոգի դարձած, պատառ-պատառ լինելով, փորձում է խոսել ինձ հետ, պատմել ինչ-որ բան։ Սակայն ես հազար ու մի խոսքից մի բառն եմ լսում, և լսում եմ աշխարհի բոլորը բառերն ու բաները… Եվ վերանում եմ, կամ ստեղծվում։ Քարերի ձայնն ու իմ ստեղծած մտքերը, հոսում են ու տապալում իրար։ Հունի հետ, մեղմորոն լվացվում են մտքերս ու վերանում եմ քարերի ձայնից…
   Ու երբ թռչունն այդ պահին, գետից ձուկ է որսում, ես զարմանում եմ ու հասկանում, որ կյանքում, որսալու   համար, երբեք չպետք է հոսե՛ս  ձայների հետ…


13.06.19թ.

Комментарии